Ջ.Ռոդարին նախակրթարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծագործական կարողության ձևավորման և զարգացման գործունեությունը սկսում են վաղ տարիքից: 2-4 տարեկաններն ունեն անսպասելի նոր տպավորությունների մեծ պահանջ: Երբեմն չափից ավելի տեղեկատվությունը և շրջապատի ընկալման փուլում արտահայտվելու անհրաժեշտ միջոցների պակասի պատճառով՝ երեխայի հոգեկանի մակարդակում ծագում է բախում: Այդ պատճառով շատ եմ կարևորում տարիքային առանձնահատկության դերը և ստեղծագործական կարողության ձևավորման գործընթացը: Լինելով կրթահամալիրի սան՝ լավ հիշում եմ, գրականության սիրելի ուսուցիչները ցանկացած ստեղծագործությունից հետո ուղղորդում էին` հետևություն արա, նախաբան, վերջաբան գրիր, հետո էլ շարունակիր ստեղծագործությունը, նկարագրիր, բնութագրիր, այլ ստեղծագործության հետ կապիր և այդպես շարունակ: Մտածում ես, տրամաբանում, ստեղծագործում՝ այդ ժամանակ չհասկանալով, թե ինչ պարգև է լավ դպրոցում սովորելը, սիրելի ուսուցիչներ ունենալը: Հիշում եմ, մի անգամ Ջ. Ռոդարի հնարքներից «Լճակի մեջ նետված քար», այսպես գրեցի՝

Ա

Ն

Ն

Ա

Հետո յուրաքանչյուր տառի մոտ բառեր գրեցի՝

Ա- անտառ

Ն- նուռ

Ն — նկար

Ա- ավազ

Հետո գրեցի.

-Անտառում ավազով նուռ նկարեցի, հետո նռան փոխարեն նավ գրեցի ու նորից շարունակեցի: Անտառում նավ նկարեցի ավազով և այդպես շարունակ:

Շատ էի սիրում այս հնարքը, ցանկացած բառ վերցնում էի և սկսում էի խաղալ:

Հիմա աշխատելով 2-5 տարեկանների խմբում՝ սաների հետ ցանկացած իրավիճակ հորինելով խաղի եմ վերածում: 4 տարեկան Մարկը մռութները կիտել էր ու նստել էր սեղանի մոտ:

-Մա՛րկ, ջան ի՞նչ է պատահել.

-Ես Գրիգից նեղացել եմ:

Մոտեցա Մարկին, շոյեցի գլուխը և խաղալով, բեմադրելով ասացի.

-Ուզում ես նեղացիր, ուզում ես լայնացիր, գնա, մտիր ծովում չոփչոփա, թրջվիր, մրսիր, ավազին պառկիր՝ տաքացիր, հաշտվիր:

Երանելի բերկրանք… Մարկի աչքերը պսպղացին, սկսեց ժպտալ ու ծիծաղել.

-Ի~, ընկեր Աննա այստեղ ծով չկա:

— Մա՛րկ ջան, ուզու՞մ ես Գրիգին էլ տանես ծով:

Ավելի բարձր ծիծաղեց ու վազեց Գրիգի մոտ:

Հաջորդ օրը նորից նստել էր և թաքուն աչքերով նորից սպասում էր, որ մոտենամ: Ես էլ ձայն չեմ հանում, մեկ էլ մոտեցավ և ասաց.

-Ես քեզանից նեղացել եմ,- ժպտում է:

-Մարկ, ուզում ես նեղացիր, ուզում ես լայնացիր…

Մեկ էլ տեսնեմ Մարկը շարունակում է.

-Ընկե’ր Աննա, արի’ գնանք ծով` լողանք, թրջվենք, մրսենք, ավազի վրա պառկենք՝ տաքանանք ու հաշտվենք : Հասկացա, որ մեր հորինած խաղը շատ է դուր գալիս Մարկին: Մարկը և Գրիգը լավ ընկերներ են: Գրիգը, եթե     ինչ-որ բանից նեղվում է, սկսում է լաց լինել: Դե ինչ՝ որպեսզի Գրիգը չնեղվի և չլացի, հնարքներ է պետք կիրառել: Սկսեցինք իր սիրած թեմաներից խոսել: Օրինակ՝ ռոբոտից, փոշեկուլից, պտուտակներից, լվացքի մեքենաներից կամ հատակի փայտից: Այո, չզարմանաք, 4 տարեկան Գրիգն ամեն ինչի մեծն է սիրում: Երբ առաջին անգամ Գրիգի հետ ծանոթացա, մոտեցավ ինձ, աչքերը փայլելով , ժպտալով ասաց.

-Ընկե´ր Աննա, ես մեծ եմ, ինձ մեծ հաց տուր, մեծ գդալ տուր:

Մի անգամ էլ նայելով աչքերիս մեջ` ասաց.

-Ընկե´ր Աննա, դու տանն ի՞նչ ունես:

Ժպտացի, Գրիգը շարունակեց հարցեր տալ.

-Ռոբոտ «պիլասոս » ունե՞ս:

Ծիծաղս զսպելով ասացի.

-Փոշեկուլ ունեմ, բայց ռոբոտ չէ:

-Ռոբոտ փոշեկուլը քայլելով մաքրում է, աղբաման ունի: Եթե ռոբոտ չէ, լավ չի մաքրի,-ասաց Գրիգը:

Որպես խմբի դաստիարակ, շատ եմ կարևորում սաների բանավոր խոսքի զարգացումը: Սաներն ասելու, պատմելու, երևակայելու, հորինելու, լսելու անդադար հնարավորություն պետք է ունենան: Դաստիարակն անգիր պետք է իմանա և խաղա ազգային խաղերը, մանկական ժողովրդական ճվիկներ, թռնոցիներ, ծափիկներ:

Ազգային խաղերը սերնդեսերունդ փոխանցվող խաղերն են, որոնք խաղում են մեծերով և փոքրերով: 2-5 տարեկանների ամենաուրախ, զվարճալի ու հավես խաղերից են: Օր օրի սաներն ավելի կազմակերպված են խաղում: «Հե~յ,  խմբեր», «Ճոպան, ճոպան», «Սագեր, սագեր», «Գոմշակռիվ» ազգային խաղերը սաների սիրած խաղերն են, իրենց ցանկությամբ շատ ենք խաղում խմբում, իսկ հենց տուն են գնում, ընտանիքի անդամներին են ներգրավում խաղի մեջ ու խաղում: Խմբով աշխատելու կարողություն, խոսքի զարգացում, շփում, ընկերասիրություն:

-«Գոմշակռիվը» կատակ խաղ է,- ասաց Վահանը:

Ալեքն էլ ավելացրեց.

-Երբ ուզենք կատակով կռվենք, «Ցուլակռիվ» կխաղանք:

Ծնողական սեմինար-պարապմունքին, որն իրականացնում եմ ամիսը մեկ անգամ,  հաճախ եմ ծնողերի և սաների հետ խաղում ազգային խաղեր:Նպատակս մեկն է, որ ծնողներն էլ շատ զբաղվեն երեխաների հետ և հավես խաղեր և ճվիկներ խաղան տանը: Պարտեզի շարունակությունը տանը:  Բայց ծնողական  սեմինար- պարապմունքին մինչ խաղերը խաղալը, ծնողների առաջարկով քննարկեցինք.

Ի՞նչ չի կարելի ասել երեխային

Քրիաստաֆորի մայրիկն ասաց

— Ամոթ բառը չեմ ասում, ամոթ չկա, կա սխալ և ճիշտ, ամեն  անձի համար այն  տարբեր է:

Կատրինի մայրիկն էլ ասաց, որ  իրենց  ընտանիքում չի  կարելի բարկանալ երեխայի վրա , չափի մեջ թույլատրել ամեն ինչ, անգամ չարաճճիություն , միայն իրեն  վնաս չտա:

Մարկի մայրիկն  ասաց, որ  փոքրուց Մարկը ուտել չի սիրել և չի էլ ստիպել,    հենց  «չի կարելիներից » մեկն է՝ կեր վերջացրու, նոր գնա խաղա:

Իգիթի և Օֆելյայի մայրիկն  ասաց, որ հենց իրենք են օրինակ ծառայում իրենց բալիկների համար:

Դանիի մայրիկն  ասաց, որ երբեք երեխային չեն վիրավորում, ինչքան էլ Դանին չարաճճի է, հանգիստ պատասխանում են, որպեսզի Դանին էլ հանգստանա:

Գևի մայրիկն էլ ասաց, որ «չի կարելի չկա», Գևը միայն  հայրիկին է լսում:

Նաև խոսեցինք, ստեղծագործելու, հորինելու, տրամաբանելու կարողությունների մասին: Ցանկալի է, որ մայրիկները երեկոյան իրենց սաների համար մեկ հեքիաթ պատմեն, ծանոթանան Ջ: Ռոդարի հնարքներին: ես  որպես խմբի դաստիարակ ամեն օր քնի ժամին  հեքիաթ եմ կարդում, հետո միացնում եմ օրորոցային երաժշտություն:

Ջ.Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն» ձեռնարկը դաստիարակի համար մեթոդապես ամենալավ ուղեցույցն է:

Տարատարիք խմբում հենց միջավայրն է ստեղծագործելու, խաղալու,տրամաբանելու լայն հնարավորություն  տալիս, օրինակ՝ ակողնում քնե՞լ, թե՞ նեքնակին, ասեմ որ Գրիգն երկու նեքնակ է դնում, որպեսզի պառկի, ուզում է, որ իր անկողինը բարձր լինի: Շատ լավ է, սաներն ազատ են իրենց գործունեության և խոսքի մեջ: Չկա վախ, որովհետև խմբում փորձում ենք մեկս մյուսին լսել, փորձել հասկանալ: Իհարկե, սկզբնական շրջանում երբեմն զվարճալի՝ եթե մեկը ջուր է ուզում խմել, խմբի մեծամասնությունը գնում է ջուր խմելու, կամ այլ գործունեություն` եթե մեկը անում է, մյուսներն էլ են անում: Թվում է, թե սաները կրկնօրինակում են: Սովորաբար ամեն խմբում լինում են խելացի, ակտիվ, աշխույժ սաներ-առաջնորդներ, այո՛, այդպես ծնվում են, որ իրենց շուրջն են հավաքում բոլորին: 3 տարեկան Գևը, եթե որոշել է հեծանիվ քշել, ուրեմն պետք է քշի՝ իր հետևից տանելով ողջ խումբը: Ազատության արդյունքում է ծնվում երևակայելու, հորինելու, մտածելու կարողություն: Այո, ինքնուրունություն, ինքնասպասարկում, ինքնավստահություն, շոշափում, բացահայտում, տրամաբանում, ոգևորում, գովք, մտքի թռիչք:

Նախակրթարանի ծրագրով մարտ–ապրիլ ամիսները Աղայան-Ռոդարի ստուգատես է:

Ղ. Աղայանի «Սագ», «Կատու» ոտանավորը և  «Արևի հրամանը» ստեղծագործությունը  խաղացել ենք ազգային խաղով` ռոդարիական հնարքներով բեմադրելով:  Հավես եռուզեռ, սաներն այնքան են ներգրավում խաղի մեջ, որ ավելի արագ են յորացնում ոտանավորը  կամ ստեղծագործությունը: 2-4 տարեկանների հետ ցանկացած գործունեություն 10-15 րոպե է տևում, այդ պատճառով շատ եմ կարևորում  միջավայրի փոփոխությունը, խմբասենյակ, բակ, մարզադահլիճ,զբոսանք,որտեղ ուզում ես արտասանի կամ զրուցի:

Ջ.Ռոդարիի շատ ստեղծագործություններ պարտեզում սաները լսել են, բայց 2-4 տարեկանները ողջ ստեղծագործությունից մի բառ , կամ բառակապակցություն են վերցնում և ավելի զարգացնում: Հեքիաթը տպավորվում է և  մտածելու, զարգացնելու ճանապարհ է տալիս: Սա է Ջ.Ռոդարի հանճարեղությունը: Օրինակ՝ Ջ. Ռոդարի «Ալիսա Գլորիկը» ստեղծագործությունը շատ սիրեցին և ամենաշատը գլորիկ բառն էր դուր եկել և ամեն մեկն իր անունը տալով՝ գլորվում էր՝ Դանի գլորիկ, գլորվում էր:

Սաների լսելով Ջ.Ռոդարի « Շոկոլադե ճանապարհը » որոշեցին խմբասենյակը վերածել շոկոլադե տնակի: Այո, մի´ զարմացեք, երբ բակից խումբ էինք գնում,Դանին ասաց.
-Տուն ենք գնում:
Նախապես պատրաստված շոկոլադով սաները սկսեցին նկարել, մեկի ճանապարհը երկար էր, ավտոմեքենաներով լի մյուսինը կարճ, ազատ, ոչ մի մեքենա չկար:Զարմացա, որ սաները հավեսով նկարում էին և ոչ մեկը չէր ուզում ուտել, բայց երկար նկարելուց հետո, սկսեցին մատիկներով ուտել, հետո էլ շոկոլադե թաթիկներով պատուհաններին նկարել: Հավես, խենթ, շոկոլադե պատերով խմբասենյակ, որտեղ միայն մտածում են և ստեղծագորում:
Ջ.Ռոդարի «Թափանցիկ Ջակոմոն» ստեղծագործությունը ընթերցելուց հետո,Դանին շատ էր ազդվել, որ Ջակոման սուտ է խոսել, ու ինչպես ինքն է ասում. «Ջակոմոյի գլխին կրակ եղավ,որ նա սուտ խոսեց»: Սաների հետ սկսեցինք ստի մասին խոսել: Բոլորն ասում էին, որ սուտ չեն խոսում: Գևորգը ծիծաղելով ասաց.
— Ես սուտ չեմ խոսում, բայց սուտ հորինում եմ:
Սաներն ուրախացան սկսեցին սուտ պատմություններ հորինել, երևակայել, մտածել, հարցերին պատասխանել:
-Եթե Ջակոմոն թափանցիկ չլիներ, էլ ինչի՞ց կարող էր լինել
-Սառույցից,-ասաց Միքայելը:
-Շոկոլադից,-ասաց Նարեկը:
Գնացինք բակ մոմլաթի վրա նկարեցինք «Թափանցիկ Ջակոմոն» հեքիաթը:

Ցավոք նկատում եմ, որ 2-4 տարեկանների խոսքը դանդաղ է զարգանում: Գուցե, մեր ժամանակներում հեռախոսներն են շատ խանգարում, որովհետև փոքրերը ստիպում են իրենց ծնողներին, որ հեռախոսը վերցնեն և տարբեր լեզուններով մուլտֆիլմեր դիտեն: Ինչն էլ խնդիր է առաջացնում տարատարիք խմբում պարզ չխոսելը: Ես չեմ խոսում համով բլբլոցների մասին, պարզապես կան 4 տարեկաններ, ովքեր պարզ չեն խոսում (աղավաղված հնչյուններ): Ջ. Ռոդարի հնարքները լայն հնարավորություն են տալիս երևակայելու, հորինելու, մտածելու:

Բառախաղ,հեքիաթների խառնաշփոթ

Ռոդարին նախակրթարանում ամեն օր է: Բանավոր խոսքի զարգացում , ստեղծագործական երևակայություն: 2-4 տարեկանները խաղում են «Ուտելիք- չուտելիք» խաղը: Սկզբում ուտելիք բառեր ասացինք, հետո չուտելիք բառերն ասացինք: Որոշեցինք, որ հենց ուտելիք բառ ենք ասում, բոլորս ծափ ենք տալիս,իսկ եթե չուտելիք բառ` ոտքերով խփում ենք հատակին: Սաներն այնքան էին ուրախացել, որ խաղը երաժշտական խաղի վերածվեց: Հետո էլ սկսեցին հեքիաթ հորինել` իրենց իմացած հեքիաթները խառնել: Հեքիաթների խառնաշփոթ:

Ի՞նչ կլինի, եթե,

Առավոտյան անձրև էր գալիս: Երբ մտա խումբ, Լոլան ծիծաղելով ասաց, որ ընկել է ցեխի մեջ: Հետո հավաքվեցինք և սկսեցինք անձրևի մասին զրուցել, պատմություններ հորինել, ուրախանալ, խաղալ, մարզվել:

Թարս օր

Զվարճալի խաղն սկսեցինք առավոտյան, երբ բակ գնացինք թարս քայլելով: Ջա~ն, այսօր թարս օր է: Սկսեցինք թարս հարցեր տալ: Դանին ասաց.

— Ինչու՞ պղպեղը կծու ոտքեր ունի: Թարս հարցեր, թարս պատասխաններ, թարս խաղեր:Մտքի թռիչք, ստեղծագործական երևակայության զարգացում, ուրախություն, ոգևորություն:

Առավոտյան խմբասենյակում հայտնվեց կարմիր փուչիկը: Անակնկալ… Կարմիր փուչիկը կարծես ասում էր.«Եկեք, խաղանք, բայց ուշադիր ինձ նայեք»: 2-4 տարեկանները սիրով, հավեսով և ուշադրությամբ խաղացին կարմիր փուչիկով: Ստեղծագործական երևակայության զարգացում:

Սետեղծագործական երևակայությունը սահմաններ չունի, ի վերջո այլընտրանք է: 2-4 տարեկանների ցանկացած գործունեության արդյունքում հաշվի եմ առնում  ձեռք բերված կարողությունները և հմտությունները:

Այլնտրանքային նկարչություն

Օր օրի Արևլյանի նախակրթարանի Ծնողական ակումբը ոգևորվում է նոր անակնկալ սպասումներով, անելիքներով: Շաբաթ օրն ուրախ տրամադրությամբ կրկին դպրոց- պարտեզում էինք: Գարնանային լուսավոր և ժպիտներով լի առավոտ: Արևլյանի բակ- պարտեզը լի էր մանկան ուրախ ձայներով.
— Մամա´, արի իմ կողքը նստիր,որ նկարենք:
Մայրիկներն իրենց երեխաների հետ շիֆոնե կտորի վրա բատիկա ներկերով նկարեցին: Տեխնոլոգիական աշխատանք, այլընտրանքային նկարչություն: Մայրիկների համար շարֆեր ենք պատրաստում:

4 տարեկան Վահան Թութիկյանը  շատ է սիրում ստեղծագործել, հորինել և իր ծննդյան ծեսին ներկայացավ անհատական ցուցահանդեսով:

4 Ձմեռային ստուգատեսին մասնակցեց ընտանեկան նախագծով, լեգոներով ինքնաթիռ պատրաստեց:Իր սիրած աղցաներից պատրաստեց, որ հյուրասիրի իր ընկերներին: Հավես նախագիծ ենք ստեղծել` «Ծննդյան ծեսը պարտեզում»: 4-ամյա Վահանն իր սիրած գործունեության հաշվետվությունը ներկայացրեց ծննդյան տոնի անհատական ցուցահանդեսով:

Ս.Ն. Բերդյաևը 1 գտնում է. «Մարդը ստեղծված է հանճարեղ ստեղծողի կողմից, և հանճարեղությունը պետք է բացահայտվի իր ստեղծագործական ակտիվությամբ»

Հոդվածս ուզում եմ ավարտել դաստիարակի օրագրով, քանի որ իմ դիտարկման արդյունքում եմ բացահայտում  սաների ստեղծագործական աշխարհը և նոր ճանապարհի մեկնարկ է տրվում: Եթե խմբում լինի հորինելու, ստեղծագործելու հմտությունը, ամեն ինչ հավես կլինի: Ցանկացած դժվարություն հաղթահարիր քո երևակայությամբ, լավատես եղիր և ամեն ինչ քո ուզածով կլինի:

Դաստիարակի օրագիր(Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր` դիմավորենք)

Դեկտեմբերի 31, ժամը 23:55, 2022, ընտանեկան եռուզեռ : Համոզված եմ, որ այդ ժամին բոլորը հավաքվում են սեղանի շուրջ և սպասում են , որ Նոր տարին դիմավորեն, միմյանց շնորհավորեն:

-Ոռա~, Նոր տարին եկավ, շնորհավո~ր,- ասում է Նարեկի մայրիկը:

3 տարեկան Նարեկն ուրախացած վազում է պատուհանի մոտ, դուրս է նայում, հետո վազում է դեպի դուռը և ասում.
-Մա´մ, բա ու՞ր է Նոր տարին, դուռը բացիր` դիմավորենք:

Դաստիարակի օրագիր (Ռուս Բորիսը)

Մոսկվայից ժամանած Բորիս Ռիսևը 3,5 տարեկան է: Բորիսը հայրիկի հետ եկավ խումբ: Ի~նչ, լավ է, մեր խումբ ռուս տղա է եկել: 2-4 տարեկաններն սկսեցին Բորիսի հետ ռուսերեն խոսել: Ռուստամը խաղալիք տվեց Բորիսին և ռուսերեն ասաց.

-Վերցրու (возьми):

Հաջորդ օրը, Բորիսը հայրիկի հետ  խումբ եկավ.

-Բարի լույս ( доброе утро),-ասաց Բորիսի հայրիկը:

Պարզվեց, որ մեր խումբ է ընդունվել ռուս Բորիսը: Հայրը Բորիսին թողեց խմբում և գնաց: Բորիսը սկսեց լաց լինել, հետո մոտեցավ ինձ, ամուր փաթաթվեց, լռեց: Երկու օր ինձ  փաթաթվելով, իրեն ապահով զգալով, սկսեց լաց չլինել: Բոլոր սաներին մի լավ դիտարկեց, բոլորին ուշադիր նայեց և ասաց.

-Ես այստեղ ի՞նչ եմ անում:

Բորիսի մասին դեռ շատ կգրեմ, քանի որ հետաքրքիր է սաների շփումը, ծանոթացումը ռուս երեխայի հետ: Բորիսը դեռ սաների հետ չի խաղում, շատ է սիրում նստել պատուհանի մոտ ու նայել պատուհանից: Ուշադիր նայում է բակերի շներին, բնությանը: Հենց ամաչում է, մտնում է սեղանի տակ: Բորիսն արդեն ընկերացել է Մարկի հետ:Միասին հավեսով խաղում են ու հաց ուտելու ժամին նստում սեղանի շուրջ:

Դաստիարակի օրագիր

Առավոտյան Արշակի եղբայրը խումբ մտավ և ասաց.
-Բարև Ձեզ, ընկեր Աննա, Արշակը ջերմություն ունի, չի գալու:
— Բա՞րձր է ջերմությունը,-հարցրի ես:
-Չէ, գոլ:
Ստեղծագործական մտածողությունը պրպտուն մտածողություն է: Պրպտի՛ր, գտի՛ր,հորինի՛ր,ստեղծագործի՛ր, երևակայի՛ր,քանդի՛ր, հավաքիր, բացահայտի՛ր, համոզվի՛ր: Բոլոր մարդկանց  բնորոշ է հրաշալի նկատմամբ հետաքրքրասիրությունը: Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է ինչ-որ անսովորի, խորհրդավորի, երևակայությունը ցնցող երևույթի մասին երազանք:  Ռոդարիական հնարքներով գտեք Ձեր երազանքը, թեթև ապրեք:

Оставьте комментарий