Միջավայրից բխած խաղեր 

2-5 տարեկանների «Անուշ քուն» նախագիծը պարտեզում կամ ինչպես ես եմ ասում՝ «Մուշ, մուշ քուն», իրականացնում ենք 13:00-15:00: Եթե սանն ավելի երկար է քնում, անուշ քուն, թող քնի, չեմ արթնացնում: Քնի ծեսը կարևոր է, առաջնային պատասխանատու: Ծնողները շատ են ուրախանում, երբ երեխաները պարտեզում քնում են: Բայց դե քունը հո ստիպելո՞վ չէ, եթե սանի քունը տանի, կքնի, բայց որ չի տանում ու չի ուզում քնել,կամ շորերը չի ուզում հանել, կամ երբ քնած է, հենց ծածկում ես, վեր է կենում, չի ուզում ծածկվի, սանի որոշումն է, բայց պարտեզ հաճախող սանը հարմարվում է պարտեզի առօրյային, հասկանում է գործունեության հաջորդականությունը: Օր օրի սաները սկսում են իրենց ժամի հետ քնել ու արթնանալ: Շատ լավ է, որ քնում են, բայց որտե՞ղ և ի՞նչ անկողնում: Իրականացրինք լոբորատորիայի մշակած նոր մոդել քնապարկերի նախագիծը: Երբ սաներին ցույց տվեցի գունավոր սինդիպոնից կարված քնապարկերը, սկսեցին քնապարկի շղթան արագ բացել, փակել, մտնել մեջը դուրս գալ, քնապարկը ծալել, կապել գոտիներն ու ճամփորդական ուսապարկ դարձնել և «ճամփորդել», խաղեր կազմակերպել: Ես կարողանում եմ իմ քնապարկը բացել, փակել ու դասավորել պահարանի մեջ: Քնապարկի մասին կարծիքները տարբեր էին: Ես որպես խմբի դաստիարակ անհանգստանում էի, գուցե սահմանափակում ենք սանի ազատությունը: Հ. Գևի մայրիկը պատմում էր, որ իր տղան մեկ տարեկանից մեծ մահճակալին է քնել, հրաժարվել է իր օրորոցից: Հարգելով ծնողի կարծիքը՝ ոչ մի պարտադրանք : Հասկացա, բայց մի քանի օր հետո Գևի մայրիկն ասաց, որ Գևը հավանել է քնապարկը և ուզում է պարտեզում քնապարկի մեջ քնել: Անգամ մայրիկին ստիպել է իր քնապարկի վրա ասեղնագործել իր անունն ու ազգանունը և վրան արև նկարել: Օր օրի խմբասենյակում քնապարկերը շատանում էին: Ներքնարկներ, վերմակներ այլևս պետք չէին: «Ինչպե՞ս լվանալ, շու՞տ է չորանում» ծնողական խմբի հուզող հարցերից : Լոլայի մայրիկն արդեն երկու անգամ լվացել է, ասաց, որ շատ շուտ է չորանում: Դե ինչ՝ քնապարկ, ուսապարկ: Անհանգստանալ պետք չէ, տոպրակը մոռացե՞լ եք, որ անկողինը տանեք: Քնապարկը նաև ճամփորդական ուսապարկ է: Այս տարի վերանորոգված խմբասենյակում միջավայրի օգնությամբ սաները նոր խաղեր են ստեղծում: Հիմա էլ ուզում եմ չուգունե ջեռակների մասին գրել, որ չէր կարող խմբասենյակում անվտանգ միջավայրը ապահովել: Կրթահամալիրի օգնությամբ լամինատներով ծածկեցին չուգունե ջեռակները: Սաների միտքն անսպառ է՝ թելեր էին անցկացնում, միմյանց հետ մրցում, կամ մարզական գույքի վերածում: Էլի նոր մտքեր, նոր խաղեր… Ունենք տաք, անվտանգ միջավայր: